«Քո հայացքը մի՛ շրջիր կարոտյալից և առիթ մի՛ տուր, որ մարդ անիծի քեզ, քանզի երբ նա դառնության պահին քեզ անիծի, նրա խնդրանքը Տերը կլսի» Սիրաք 4.

Ողորմի՛ր, Տե՛ր, Եկեղեցու առաջնորդներին, հայրապետներին, վարդապետներին, երեցներին, սարկավագներին, դպիրներին և Եկեղեցու ուխտի բոլոր մանուկներին`
որ ամեն ժամ կատարեն իրավունքը և արդարությունը, հովվեն Քո ժողովրդին,
տքնեն նրանց հոգիների համար` ասելով. «Ահավասիկ ես և իմ մանուկները, որ տվեցիր ինձ»:
Եփրեմ Ասորի
 
ՀԱՅՐԵՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ՍՏՈՒԳԵԼ ՄԵՐ ԱՆՁԵՐԸ...
Հանդարտորեն շարունակիր զննել, թե ինչ վիճակում է սիրտդ:
Ի՞նչ սխալներ ես գործել: Հասկանալու համար քննությունը տար կրքերդ հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպիսի՞ն ես եղել այս ընթացքում, ինչպես ես դրսևորվել Աստծու, մերձավորի, սեփական անձի նկատմամբ: Ինչպես ես վերաբերվել քո մեջ ի հայտ եկած մեղքերին, և այն մեղքերին, որ նկատել ես ուրիշների մեջ: Չէ՞ որ մեր փափագը պիտի լինի, որ վերանան թե՛ մեր, թե՛ այլոց մեղքերը:

Ինչպե՞ս ես կարգավորել ցանկություններդ երկրային բարիքների, հաճույքների, պատիվների վերաբերյալ: Ինչից ես ավելի շատ վախեցել` մեղք գործելո՞ւց, թե՞ երկրային բարիքներ կորցնելուց: Գուցե չափից ավելի՞ ես հույս դրել աշխարհի
և արարածների վրա: Հնարավոր է` չափազանց մեծ վիշտ կամ ուրախություն ես ապրել ունայն, ուշադրության ոչ արժանի բաների համար:
Ո՞ր կրքերն են տիրում քո սրտին: Ի՞նչն է ամենից շատ վնաս պատճառում նրան: Իրականում, թե ինչ վիճակում է սիրտը, պարզ է դառնում կրքերը մեկը մյուսի հետևից ստուգելու դեպքում:
Այդպես երաժիշտը ջութակը լարելիս հերթականությամբ ստուգում է բոլոր լարերը` ձգելով կամ թուլացնելով այն լարերը, որոնք աններդաշնակ են հնչում:
Այսպես, մեկ առ մեկ քննելով սերը, ատելությունը, ցանկությունները, վախը, տխրությունը և ուրախությունը մեր հոգու, մենք կարող ենք եզրակացնել` ո՞րն է անհրաժեշտ թուլացնել կամ զորացնել Աստծո փառքի համար աստվածային շնորհի օգնությամբ և հոգևոր հոր խորհուրդներին հետևելով: Կատարենք այս քննությունը` որպես տարեվերջյան հաշվետվություն Աստծո առջև և մեր խղճի առջև:
Posted in Տիկ. Ծովիկ Դավթեան.